Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ Հիմնադիրներն էին բեմադրիչ Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: 

1975 թ. թատրոնը տեղափոխվում է իր ներկայիս շենք, որը գտնվում է Սայաթ-Նովա 4 հասցեում:

 

1998թ.-ից թատրոնի տնօրենն է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը: Նա հեղինակ է մի շարք բեմադրությունների` փոքրերի և  մեծահասակների համար: Թատրոնին կից գործում է հիմնադիր Պ. Բորոյանի անունը կրող, Հայաստանում միակ թատերական տիկնիկների թանգարանը: Թատրոնը հանդիսանում է UNIMA-ի անդամ: 

 

2022թ.-ից ի վեր թատրոնի տնօրենն է Արտաշես Բաբայանը։

Թատրոնի խաղացանկում կա 50-ից ավելի ներկայացում։

 Թատրոնը տարեկան ունենում է մոտ 100.000 հանդիսատես և ցուցադրում է ավելի քան 500 ներկայացում տարբեր ժանրերում՝ ստվերային տիկնիկային ներկայացումներից մինչև ժամանակակից պարային ներկայացումներ, ինչպես նաև իրականացնում բազմաթիվ մշակութային միջոցառումներ ՝ ցուցահանդեսներ, երաժշտական համերգներ, փառատոններ, կրթական ծրագրեր և այլն:

Թատրոնի առաքելությունն է լինել մանուկ և երիտասարդ սերնդի մշակութային կողմնորոշիչը՝ ապահովելով մշակութային կրթության առաջին և հիմնավոր քայլերը։