
Երվանդ Քրիստափորի Մանարյան
Ինքնակենսագրական
Ծնվել եմ 1924թ. օգոստոսի 10-ին Իրանի Արաք քաղաքում: Հայրս, Քրիստափոր Մկրտչի Մանարյանը ծնվել էր Ագուլիսում, ընտանիքը ապրել էր Բաքվում: Մայրս` Եվգինե (Ժենյա) կնունքի անունը Շամիրամ, ծնվել էր Թիֆլիսում: 1919թ. երկուսն էլ տարագրվել էին Պարսկաստան (Իրան), Արաք քաղաքում հանդիպել էին, ամուսնացել և թատերախումբ կազմել: Մեր ընտանիքը (նաև եղբայրս` Արմանը) 1931թ. հաստատվել է Թեհրանում և մինչև Խորհրդային Հայաստան գալը (1946թ.) մշտապես ապրել է Թեհրանում: Սովորել եմ հայկական “Դավթյան” դպրոցում, ապա նաև պարսկական “Թամադդոն” և “Ալբորզ” դպրոցներում: 1946 թ. տաս այլ երիտասարդների հետ եկել եմ Հայաստան, ընդունվել և ավարտել եմ Պետական թատերական ինստիտուտը, որպես ռեժիսոր 1952թ.: 1953թ. ծառայել եմ խորհրդային բանակում մինչև 1955թ.: Աշխատանքի եմ անցել Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում, ապա Սունդուկյանի անվան պետական թատրոնում որպես դերասան և ռեժիսորի ասիստենտ: 1946թ.(դեռևս ուսանող) որոշակի ընդհատումներով աշխատել եմ ռադիոկոմիտեում, որպես խոսնակ և ռեժիսոր: 1958թ. ստանձնել եմ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորի պարտականությունը, որը մի քանի տարվա ընդհատումից հետո վերակազմավորվել էր որպես պետական թատրոն: 1959թ. ամուսնացել եմ Մերի Արտաշեսի Քեշիշյանի հետ: Ունենք երկու զավակ, Քրիստ Երվանդի Մանարյան (1961թ.) և Արփենիկ Երվանդի Մանարյան (1963թ.): Քրիստն այժմ ամուսնացած է, ունի մեկ դուստր, Արփենիկը նույնպես ամուսնացած է ունի մեկ որդի և մեկ դուստր:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկիկային թատրոնը իմ ղեկավարած տարիներին ճանաչվել է “Աշխարհի տաս լավագույն տիկնիկային թատրոններից մեկը” և մասնակցել մի շարք փառատոնների արժանանալով բազմաթիվ պարգևների և դիպլոմների: 1985թ. անցել եմ թոշակի և հիմնադրել եմ “Ագուլիս” տիկնիկային թատրոնը, որը աշխատում է իմ գլխավորությամբ առ այսօր առանց ընդհատումների, լիելով Հայաստանի միակ ոչ պետական պարբերաբար աշխատող թատրոնը:
Կինոյի ասպարեզում հանդես եմ եկել և որպես սցենարի հեղինակ (“Տժվժիկ”, ”Սպիտակ ափեր”, “Կարինե”, “Տերն ու ծառան”, “Հանդիպում ցուցահանդեսում”, “Վերադարձ”) և որպես դերասան (“Քաոս”, “Հարսնացուն հյուսիսից”, Նորից ամառ է”, “Խոհարարները եկել են մրցույթի”, “Եվս հինգ օր”, “Արևիկ”, Կապիտան Առաքել”, “Ընկեր Փանչունի”, “Դեզերի ծնունդը”, “Քննություններ”, “Կրպակ կառամատույցում”, “Միքայել Նալբադյան”, “Լույս”, “Մարգարի ակոսը”, “Լույս և ստվեր”, “Ծիածանի բոլոր գույները”, “Ժառանգորդներ”) և որպես խմբագիր, և որպես բեմադրող ռեժիսոր, և որպես դերասան (“Քայլեր”, “Կարինե”, “Քաոս”, “Կապիտան Առաքել”, “Ընկեր փանչունի”, “Հարսնացուն հյուսիսից”, “Խոհարարները եկել են մրցույթի”):
Թոշակի անցնելուց հետո, իմ կազմակերպած “Ագուլիս” տիկնիկային թատրոնում իրականացրել եմ հայ և արտասահմանյան հեղինակների հեքիաթներ (ութ հեքիաթ), որոնք առ այսօր, պարբերաբար ներկայացվում են թատրոնում: “Ագուլիս” տիկնիկային թատրոնը պարբերաբար մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպած բոլոր միջոցառոմներին (նաև արտագնա): Հանդիսացել եմ Հայաստանի Հանրապետության տիկնիկային թատրոնի արվեստի ստեղծագործական միության հիմնադիր անդամ և առ այսօր այդ միության ղեկավար մարմնի անդամ եմ ընտրվում պարբերաբար: Իմ հեղինակած “Անհաղթ աքլոր” պիեսը (ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի) իմ բեմադրությամբ մասնակցելով մի շարք փառատոնների մշտապես ճանաչվել է մրցանակակիր և պիեսը իր հերթին բեմադրվել է այլ երկրների թատրոնների խաղացանկում: Այս տեսակետից առավել նշանակալի է Լեհաստանի Գդանսկ քաղաքի տիկնիկային թատրոնի կողմից բեմադրվածը, որն իր հարցադրումով լավագույնս ընդունվեց հանդիսատեսի կողմից առանձնապես Լեհաստանի ներքին քաղաքական ճգնաժամի օրերին: Այդ պիեսի Երևանի Թումանյանի անվան թատրոնի բեմադրությունը մեծ խանդավառությամբ է ընդունվել Մոսկվայում, Լեհաստանում, Իրանում, Հնդկաստանում և դեռ էլի մի քանի երկրների տիկնիկային թատրոններում: “Անհաղթ աքլորը” պիեսի բեմադրությունը շուրջ երեսուն տարի շարունակում է մնալ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի խաղացանկում: Հայ հասարակության կողմից առանձնապես սիրված են նաև “Հարսնացուն հյուսիսից” և “Խոհարարները եկել են մրցույթի” ֆիլմերը որոնց ստեղծմանը մասնակցել եմ ոչ միայն արպես դերասան: Այդ երկու ֆիլմերն էլ պարբերաբար ցուցադրվում են հայկական հեռուստատեսությամբ: Իմ ընտանիքը` կինս Մերի Քեշիշյանը, երկու զավակներս (որդիս Քրիստը և նկարչուհի Արփենիկը`դուստրս), ինչպես նաև նրանց զավակները (բեմադրիչ Հայկ Սեկոյանը և Հայկի կրտսեր քույրը Ալիսը, որ Արփենիկի զավակներն են և Լիլիթը, որ Քրիստի դուստրն է) որոշակիորեն արվեստի ասպարեզի մարդիկ են և ես այդքանով ինձ բավարարված եմ զգում: Երվանդ Մանարյան